Այսօր ArtSTEM վարժարանում պատմության ուսուցչուհի ընկեր Մարտոյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 《Ես եմ տերը իմ երկրի》 խորագրով բաց դաս-միջոցառումը 6-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ։

Սաներին հանձնարարված էր ներկայացնել իրենց երազած գյուղը կամ քաղաքը։ Նրանք իրենց ելույթներում ներկայացրին՝ ինչպես են պատկերացնում Հայաստանն ու Արցախը տարիներ անց։
Երեխաների ծրագրերը տարբեր էին, բայց բոլորն էլ միտված էին երկու հանրապետությունների ծաղկմանն ու հզորացմանը։

Աղասին ծրագրում է հիմնել ԱԹՍ-ների գործարան, իսկ Արցախի սահմանները շրջապատել բարձր պարիսպներով։

Ռիտան որոշել է վերակառուցել Արցախը, կանաչապատել ու ծաղկեցնել այն։

Ըստ Ռիտայի պետք է տնտեսել գումար զենք գնելու և առավել պաշտպանված և անվտանգ պետություն ունենալու նպատակով։

Բաց դասի երկրորդ մասում աշակերտները դիտեցին իրական դեպքերի վրա հիմնված փաստագրական ֆիլմ Քեմալական Թուրքիայի Զմյուռնիա գյուղում 1922 թ․ տեղի ունեցած հայերի և հույների ջարդերի վերաբերյալ։

Ֆիլմը դիտելուց հետո երեխաները ևս մեկ անգամ համոզվեցին, որ չպետք է խնայել ջանք և եռանդ իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար։

Ֆիլմի մտահղացումը Art Stem վարժարանի ուսուցչուհի պ․գ․թ․ Թեհմինե Մարտոյանինն է։ Նա նաև ֆիլմի պրոդյուսերն ու խոսքերի հեղինակն է։