Մարտի 16-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը նախաձեռնել էր աշակերտական աշխատաժողով, որին պրոֆեսոր Էդիկ Մինասյանի նախագահությամբ մասնակցում էին Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներ։ Աշխատաժողովին իրենց զեկուցումներով հանդես եկան «ԱրտՍՏԵՄ» վարժարանի 8-րդ և 9-րդ դասարանի հետևյալ սաները՝ Անի Հակոբյան (Մուսուլման երեխաները՝ ցեղասպանության մասնակիցներ. ապամարդկայնացման ազդեցությունը մանկական ընկալումների վրա), Գեղամ Խաչատրյան (Հայ սպայակազմի դերակատարումն օսմանյան բանակում. Սարգիս Թորոսյան), Արևիկ Միքայելյան (Աննա Ֆրանկ. Հոլոքոստի վավերագրումը դեռահասի աչքերով), Մարինա Դավթյան (Հայկական մշակութային և հոգևոր ժառանգության համակարգված ոչնչացումն Արցախում), Արիաննա Եղիազարյան (Շվեդական հումանիտար առաքելությունն Արևմտյան Հայաստանում. Ալմա Յուհանսոն), Սոնա Աղաբալյան (Ոճրագործի հոգեբանական դիմանկարը ցեղասպանական գործընթացներում), Արթուր Ղազարյան (Ռազմական պարտք և բարոյական պատասխանատվություն. Լուի Դարթիժ), Նելլի Միրզոյան (Մարդասիրական առաքելություն Մուշում. Բոդիլ Բյորն), Մարի Վասիլյան (Ցեղասպանությունը մեկ ընտանիքի պատմության մեջ. մեծ պապիս՝ Առաքել Թագոյանի ոդիսականը):
Գիտաժողովի ակադեմիական մթնոլորտը, զեկուցողների հանդեպ ցուցաբերված բարյացակամ վերաբերմունքը, բովանդակալից քննարկումներն ու արժեքավոր առաջարկները մեծ խանդավառություն առաջացրեցին մեր սաների շրջանում:
Մարի Վասիլյանը, ներկայացնելով իր մեծ պապի՝ Առաքել Թագոյանի պատմությունը, արժանացավ հանձնաժողովի ուշադրությանը և առաջարկ ստացավ հրատարակության պատրաստել հուշագրությունը:
