ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԳՏՆԵԼԸ ՀԵՇՏ Է, ԴԺՎԱՐՆ ԻՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԳՏՆԵԼՆ Է. ՄԿՐՏՉՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ամռան առաջին ամսվա ավարտն «ԱՐՏՍՏԵՄ» վարժարանի համար նշանավորվեց հերթական հաջողությամբ։ 8-րդ դասարանի սան ՆԱՐԵԿ ԱՓՈՅԱՆԸ, մասնակցելով «Արմատ և ծիլ» 2026 թ. մրցանակաբաշխությանը, ներկայացրեց «Քարտեզի վրա ճանապարհ ու բնակավայր գտնելը հեշտ է, դժվարն իմ նախնիների տունը գտնելն է» խորագրով Մկրտչյան ընտանիքի պատմությունը։ Մեր սանը, հաստատուն քայլերով առաջ ընթանալով դեպի իր նպատակակետը, փայլուն արդյունք գրանցեց։
Մրցույթն անցավ մի քանի բարդ ու պատասխանատու փուլերով։ Նարեկ Ափոյանը ժյուրիի դատին ներկայացրեց համապարփակ հետազոտական աշխատանք՝ թե՛ վերլուծական տեքստ, թե՛ սահիկաշար և թե՛ տեսանյութ։ Մրցակցությունը բավականին մեծ էր. մրցանակաբաշխությանը մասնակցում էր 38 տաղանդավոր աշակերտ Հայաստանի տարբեր մարզերից։
Նարեկի հետազոտության առանցքում ոչ միայն գիտական, այլև խոր հուզական և արժեքային հենք կար։ Նրան հաջողվեց իրականացնել դժվարինը՝ «վերակենդանացնել» պատմությունը։ Աշխատանքի ամենամեծ նվաճումը սեփական արմատների բացահայտումն էր և դրանք հանձնաժողովին յուրովի մատուցելը։
Ժյուրիի բարձր գնահատականի արդյունքում մեր վարժարանի սանն արժանացավ հեղինակավոր «Սուրեն Հանեսեանի» անվան մրցանակի, ստացավ պատվոգրեր և նվերներ։ Սա միայն մեկ մրցույթի հաղթանակ չէ, այլ սեփական ինքնությանն ու պատմական հիշողությանը հավատարիմ մնալու ինքնատիպ օրինակ։
Մրցանակաբաշխությունն այս ճանապարհի միայն սկիզբն է, քանի որ Նարեկ Ափոյանի աշխատանքը, ի թիվս այլ լավագույն հետազոտությունների, կընդգրկվի և կհրատարակվի խոհագրությունների հատուկ երկլեզու ժողովածուում: Մեր սանն իր հետազոտական թեման կներկայացնի նաև Երևանի պետական համալսարանում անցկացվելիք գիտաժողովին:
Շնորհավորո՛ւմ ենք մեր սանին, հպարտանում նրա ձեռքբերումներով և մաղթում նորանոր գիտական ու ստեղծագործական բարձունքներ։ Ճանապարհդ դեպի արմատներ թո՛ղ միշտ լուսավոր լինի, սիրելի՛ Նարեկ։