Մինչև սեպտեմբերի 1-ը մնացել է շատ կարճ ժամանակ, և բազմաթիվ ծնողներ արդեն մտածում են՝ ինչպե՞ս երեխային նախապատրաստել դպրոցին և ինչպե՞ս ուսումնական տարվա սկիզբն առավելագույնս հաճելի դարձնել առանց ավելորդ սթրեսների: Դրա համար հարկավոր է արդեն աստիճանաբար նախապատրաստել երեխաներին դպրոցական կյանքին, որպեսզի սեպտեմբերն առաջին դասարանի փոքրիկների համար ցնցում չդառնա: Ամռանը երեխան շատ ազատ ժամանակ է ունենում, իսկ աշնան սկզբից պետք է նոր գրաֆիկի հարմարվի: Ամռան ազատությունից դպրոցական գրաֆիկին անցումը շատ բարդ է, և ծնողները պետք է երեխային օգնեն առավելագույնս դյուրին կատարել այդ անցումը: Որպեսզի երեխան ավելի լավ հասկանա, որ ամառն ավարտվում է, և իր կյանքում նոր փուլ է սկսվում, կարելի է նստել ու նրա հետ քննարկել բոլոր հաճելի տպավորությունները, որոնք կուտակվել են ամռան ընթացքում, և յուրովի ամփոփել արձակուրդների արդյունքները:
Ձեզ ենք ներկայացնում հոգեբանի մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն նախապատրաստել երեխային դպրոցական կյանքին և նվազեցնել սթրեսն ու տագնապը:
1. Նախապատրաստվել
Ցանկալի է, որ առաջին դասարանցիների ծնողները երեխային նախօրոք բացատրեն, թե դպրոցն իրենից ինչ է ներկայացնում, ուսումնական գործընթացն ինչպես է ընթանում։ Երեխային հետաքրքրելու համար կարելի է դրական օրինակներ բերել: Պատմեք ձեր դպրոցական կյանքից դրվագներ և՛ զավեշտալի, և՛ պատասխանատու: Ապագա դպրոցականը պետք է հասկանա` ուր է գնում և ինչու է դա անում։ Շատ ավելի լավ կլինի, եթե հնարավորության դեպքում երեխայի հետ գնաք դպրոց ու ծանոթացնեք նրան դպրոցին՝ ցույց տալով բոլոր անհրաժեշտ վայրերն, ծանոթացնելով ապագա ուսուցիչների հետ: Դա կհանգստացնի երեխային, և նա իրեն դպրոցում ավելի ազատ ու հանգիստ կզգա:
2. Դերային խաղեր խաղալ
Կարելի է երեխայի հետ դպրոցին վերաբերող դերային խաղեր խաղալ: Դրանց օգնությամբ երեխան ավելի լավ կհասկանա, թե ինչ է կարգապահությունը, ով է ուսուցիչը և ինչ դեր է կատարում: Փորձեք խաղերի միջոցով նախապատրաստել երեխային բոլոր հնարավոր իրավիճակներին, որպեսզի նա սովորի, թե ինչպես է պետք բարևել դասընկերներին ու ուսուցիչներին, ինչպես է պետք ձեռք բարձրացնել և պատասխանել հարցերին: Մարզեք երեխայի կամային ունակությունները՝ խաղի մեջ տալով առաջադրանքներ, որոնց իրականացումն ունենա ժամանակային սահմանափակում:
3. Խոսեք երեխայի հետ իր անհանգստությունների մասին
Հարկավոր է անել ամեն բան, որպեսզի դպրոց գնալը երեխայի համար լինի սպասված իրադարձություն: Ավելի լավ կլինի, եթե դուք ներկայացնեք դպրոցի դրական կողմերը («դպրոցում դու շատ նոր բան կսովորես», «դպրոցում դու նոր ընկերներ կգտնես» և այլն): Պետք չէ սեփական զգացմունքները խառնել երեխայի ապրումների հետ։ Անհրաժեշտ է նկատել երեխային անհանգստացնող հարցերը, փորձել դրանց պատասխանել հնարավորինս պարզ և ամբողջական, հետևել, թե ինչի մասին է երեխան խոսում և ինչ խնդիրներ ունի։ Պետք է պարզել երեխայի վերաբերմունքը դպրոցի նկատմամբ, խոսել նրա ապրումների, զգացողությունների մասին, հնարավորություն տալ երեխային արտահայտել իր հույզերը։
4. Սկսեք ապրել դպրոցականի ռեժիմով
Դպրոցից մի քանի օր առաջ հարկավոր է սկսել կարգավորել օրվա ռեժիմը: Բացատրեք երեխային դպրոցական կարգուկանոնը: Արթնացրեք նրան առավոտյան ժամը 7-ին, սովորեցրեք պատրաստվել: Այս կերպ սեպտեմբերին դպրոց գնալը երեխայի համար սթրես չի լինի:
5. Ամռան ընթացքում զարգացրեք երեխայի մոտորիկան
Երեխաների մտածողությունը զարգացնելու գործում շատ կարևոր է մանր մոտորիկան: Երեխաներն առօրյայում և ուսումնական գործընթացում շատ դժվարություններ և խնդիրներ են ունենում այն պատճառով, որ զարգացած չէ նրանց մանր մոտորիկան: Եթե երեխան ունի զարգացած ընդհանուր մոտորիկա, ապա նա կարողանում է հստակ կառավարել իր շարժումները, ունի զարգացած հիշողություն, ուշադրություն, տրամաբանություն և կապակցված խոսք: Երեխաներն աշխարհը բացահայտում են շոշափելով, հետազոտելով, ուսումնասիրելով այն ամենը, ինչը շրջապատում է իրենց: Ակտիվացնելով մատների աշխատանքը` կխթանեք մանր մոտորիկայի զարգացումը: Ամառվա ընթացքում առաջարկեք երեխային նկարել, ծեփել, աշխատել մկրատով: Այս ամենը նպաստում է մոտորիկայի զարգացմանը, նախապատրաստում է երեխայի ձեռքը գրելուն:
6. Երեխայի մոտ ձևավորեք ինքնուրույնություն
Երեխան դպրոց հաճախելուց առաջ արդեն պիտի լիարժեք տիրապետի ինքնուրույն հագնվելու-հանվելու, իր անկողինը՝ թեկուզև անփույթ, հավաքելու, ուտելու, իր պայուսակը դասավորելու, իրեն հուզող հարցերը տալու, խնդրանք արտաբերելու և այլ նմանատիպ տարրական հմտությունների։ Ինքնուրույնության պակասն ամենաշատն է խանգարելու երեխային ուսուցման գործընթացում։
7. Զարգացրեք ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը
Փոքրիկ երեխաները դժվարանում են իրենց ուշադրությունը երկար ժամանակով կենտրոնացնել միևնույն գործի կամ դասի վրա: Սա անհանգստության առիթ չէ, և ոչ մի դեպքում պետք չէ երեխայի մեջ ինչ-որ շեղումներ փնտրել: Նմանատիպ խնդիրներն այս տարիքի երեխաների համար միանգամայն բնական են: Պետք է փորձել խաղերի, հետաքրքիր վարժությունների միջոցով այն զարգացնել: Սա շատ կօգնի երեխային հարմարվել և արագ ներգրավվել ուսումնական պրոցեսին:
8. Զարգացրեք երեխայի խոսքը
Ծնողները կարող են նպաստել երեխայի խոսքի զարգացմանը` բառերը ճիշտ արտասանելով, երեխայի սխալ արտասանություններն ուղղելով: Դպրոց գնալուց առաջ երեխան պիտի տիրապետի բանավոր խոսքին՝ ճիշտ արտասանի իրեն ծանոթ բառերը, ազատ և անկաշկանդ խոսի, ըստ անհրաժեշտության բարձր կամ ցածր՝ սեփական մտքերն արտահայտել կարողանա, հարցեր տա, եթե ինչ-որ բան պարզ չէ իրեն։
9. Զարգացրեք լսելու կարողությունը
Լսել կարողանալը շատ կարևոր հմտություն է, որը պիտի օգնի նրան գիտելիքներ ձեռք բերել, որպես անձ ձևավորվել բազմազան իրավիճակներում ողջ կյանքի ընթացքում: Երեխային լսել սովորեցնելու մի քանի միջոց կա, սակայն դրանցից ամենակիրառականը մեկն է՝ նախադպրոցական տարիքի երեխայի համար պետք է փոքր տեքստերով շատ հեքիաթներ կամ զանազան պատմություններ կարդալ:
10. Աշխատեք սեպտեմբերին շատ աջակցել և օգնել երեխային
Առաջին 4-6 շաբաթը դպրոցում ամենաբարդն են երեխայի համար: Ծնողները պետք է ամեն կերպ օգնեն երեխային հարմարվել նոր պայմաններին: Սակայն հարկ է հիշել, որ որքան էլ որ դուք նախապատրաստեք երեխային, միևնույն է առաջին օրերին նա իրեն մի փոքր անինքնավստահ է զգալու: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ ընթացքում տանը ստեղծել առավելագույնս հարմարավետ մթնոլորտ և շրջապատել դպրոցականին ջերմությամբ ու ուշադրությամբ:
Վերոնշյալ խորհուրդներին հետևելու դեպքում, երեխան պատրաստ կլինի հաղթահարելու ամեն դժվարություն և արագ կհարմարվի ուսումնական գործընթացին:
Էլեն Դավթյան – ArtSTEM վարժարանի հոգեբան