Վարժարանի հոգեբանական ծառայության մասին

Մեր վարժարանում գործում է հոգեբանական ծառայություն, որի նպատակն է աջակցել կրթական գործընթացի մասնակիցներին, ապահովել առողջ և աջակցող ուսումնական միջավայր:

Մենք աշխատում ենք ոչ միայն աշակերտների, այլև մանկավարժների, ծնողների և վարչակազմի հետ: Ուսուցիչներին  և վարչակազմին  անհրաժեշտության դեպքում տրամադրում ենք հոգեբանական խորհրդատվություն: Կարևորում ենք ծնողների կարիքները՝ կապված ուսումնական գործընթացի հետ և, միասնական աշխատանքի շնորհիվ, նպաստում ենք դպրոցում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը և պահպանմանը: Սովորողների հետ աշխատելով, ինչպես խմբային, այնպես էլ անհատական, հաղթահարում ենք հուզական խնդիրները, որոնք կարող են  խանգարել ուսումնական պրոցեսին:

Ինչպիսի՞ աշխատանքներ ենք կատարում մեր սաների հետ։

  • ախտորոշիչ,
  • կանխարգելող,
  • զարգացնող,
  • շտկող,
  • սոցիալ-վերահսկողական,
  • լուսավորչական աշխատանքներ:

Ախտորոշիչ աշխատանքները հիմնականում ուղղված են լինում կոնկրետ անձի կամ խմբի հոգեբանական վիճակի նկարագրությանը: Կանխարգելող աշխատանքների շրջանակում ցուցաբերվում է այնպիսի  մասնագիտական աջակցություն, որը կկանխի կանխատեսվող խնդիրները: Զարգացնող աշխատանքների շրջանակում ստեղծվում է զարգացնող միջավայր, որի արդյունքում զարգանում է աշակերտների իմացական, հուզական, սոցիալ-անձնային ոլորտը: Խորհրդատվական աշխատանքները ընդգրկուն են, տրամադրվում են ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցներին, այդ թվում վարչակազմին:                                                                                                                             Մեր վարժարան ընդունվող աշակերտների հետ անցկացվում է հոգեբանական հարցազրույց և անկետավորում, որի արդյունքում որոշվում է երեխայի իմացական, հուզա-կամային ոլորտը, դպրոցի պատրաստվածության աստիճանը:

  1. Մեր տարրական դպրոցում հոգեբանական աջակցությունն ու աշխատանքը ուղղված է դպրոցում սովորողների հարմարվելուն, ուսումնական գործունեության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, ճանաչողական և ուսումնական մոտիվացիայի բարձրացմանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
  2. Հիմնական կամ միջին դպրոցում հոգեբանական աշխատանքները ուղղված արժեքային համակարգի ձևավորմանը, կառուցողական հարաբերությունների կայացմանը և բարոյահոգեբանական բարենպաստ միջավայրի պահպանմանը:
  3. Ավագ դպրոցում հոգեբանական աշխատանքները ուղղված են մասնագիտական կողմնորոշման խնդիրների լուծմանը, մասնագիտական ինքնորոշմանը, ինքնաճանաչման խնդիրների լուծման հարցում նրանց աջակցելուն, սոցիալ- հոգեբանական կոմպետենտության զարգացմանը և նպատակադրման կարողությունների զարգացմանը:

Մեր դպրոցում մեծ ուշադրություն է դարձվում աշակերտների, ուսուցիչների, ծնողների առողջ և հոգեբանական կայուն միջավայրի ապահովմանը:

Էլեն Դավթյան – ArtSTEM վարժարանի հոգեբան