Տիկին Մարտոյանը պատմական գիտությունների թեկնածու է, միջազգայնագետ, արևելագետ (իրանագետ), «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող։
2001 թվականից մինչ օրս ծավալում է գիտամանկավարժական գործունեություն՝ դասավանդելով Երևանի Պեյո Յավրովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում, Գլաձոր համալսարանի «Միջազգային հարաբերությունների և պատմության» ամբիոնում, Երևանի Բաց Համալսարանում, Ավետիք Մկրտչյանի անվան Տնտեսաիրավագիտական Համալսարանում։
2011 թ․ հրատարակել է «Կարմելյանների տարեգրությունը» ` որպես Իրանի 17-18-րդ դարերի պատմագիտական աղբյուր խորագրով մենագրությունը, հեղինակ է երկու տասնյակ գիտական հրապարակումների, զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովներում։
Երեխաներին կրթելը ուսուցչի համար առաքելություն է, իսկ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու մեթոդները՝ տարբեր են։ Տիկին Մարտոյանը յուրաքանչյուր աշակերտի հետ մշակում է մի առանձին մեթոդ՝ կարևորելով երեխա-անհատի ինքնատիպությունը։
Երեխաների ու պատանիների հետ բազմամյա փորձն ուսուցչին հուշում է, որ առարկայի հանդեպ հետաքրքրությունն ունի մեկ և ուղիղ ճանապարհ՝ արժանանալ երեխաների հարգանքին ու սիրուն։
Ուսուցչի նախաձեռնությամբ հաճախ կազմակերպվում են պատմության առարկաների հետ առնչվող միջոցառումներ, որին երեխաները մասնակցում են մեծ սիրով և ոգևորությամբ։